Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի
Հեռախոսային կոդը`   +374 (010)
Փոստային ինդեքսները`   0001—0099
Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։ 

Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

Տեսարժան վայրեր

Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:

Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):

Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:

Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.

  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն

1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:

Մշակույթ

Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:

Թանգարաններ և գրադարաններ

Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սասունցի դավիթ արձան

Սասունցի Դավթի արձանը գտնվում է Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Արձանը տեղադրվել է 1959 թվականին։ Այն համարվում է Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։ Սասունցի Դավթի ճարտարապետը Միքայել Մազմանյանն է, իսկ քանդակագործը՝ Հայաստանի Ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը։ Քանդակը կառուցված է պղնձից ու բազալտից, ունի 9,3 մետր բարձրություն ։

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել….

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՍևԱՆԱ ԼԻՃ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։  Ծովի մակերևույթից բարձր է 1900 մ: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

Ձկնատեսակները

Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Ավանդազրույցներ

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի տեսարժան վայրեր

Եղեգնաձորի երկրգիտական թանգարան


Եթե հետաքրքրված եք Վայոց  Ձորի մշակույթով և հնագույն պատմությամբ, ապա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն անփոխարինելի կլինի Ձեզ համար իր մոտավորապես 12.000 նմուշներով, որոնք ցուցադրված են թանգարանի չորս սրահում: Հնագիտական հատվածում կգտնեք քարե դարին պատկանող օբսիդիանից գործիքներ, մ․թ․ա 3- 2-րդ դարերին պատկանող մ․թ․ա 3- 2-րդ դարերի ն պատկանող սև և կարմիր խեցեգործ իրեր, ուրարտական շրջանի բրոնզե գոտիներ, Եղեգիսի 13-րդ դարի հրեական գերեզմանատնից բերված նմուշներ: Հատկապես տպավորիչ արվեստի գործ է 14-րդ դարի ճարտարապետ Մոմիկի խաչքարը: Այս խաչքարը նրան վերագրվող երեք խաչքարերից մեկն է: Թանգարանում ներկայացված է նաև ազգագրական ցուցահանդես, որտեղ ցուցադրված են մ.թ.ա. 1-ին դարի մի շարք մետաղադրամներ:

Միջնադարյան կամուրջ

Արփա գետը հատող այս միջնադարյան կամուրջը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածում՝ Ագարակաձոր գյուղի մոտ։ Սակավաթիվ տեղեկություններ են հայտնի այս կամուրջի մասին, թեև տեղական ավադությունները վկայում են, որ Պռոշյան իշխանն այն կառուցել է, որպեսզի հեշտ անցնի դեպի գետի մյուս ափին գտնվող իր պալատը։ Այսօր հովիվներն ակտիվորեն կիրառում են այն անասուններին տեղափոխելու համար։ Կամուրջը կարելի է տեսնել մոտակա խճուղուց, թեև գուցե դիտելու ճիշտ անկյունը գտնելու համար պետք գա դիմել տեղացիների օգնությանը։ Բարձրացեք կամուրջի սրածայր գագաթը, որպեսզի հիանաք գետը շրջապատող գեղեցիկ համայնապատկերով։

Եղեգիսի հրեական գերեզմանատուն

Միջնադարում Մետաքսի ճանապարհը Հայաստան, և մասնավորապես` Վայոց Ձոր բերեց բազմաթիվ մշակույթների և հավատքների պատկանող մարդկանց։ Եղեգիսի գերեզմանատան տապանաքարերը պատկանում են 1266-ից մինչև 1337 թվականներին այստեղ բնակված փոքրիկ հրեական համայնքին: Դժբախտաբար, այս հրեական համայնքի և Հայաստանի ժամանակակից այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ սակավաթիվ պատմական ապացույցներ կան: Տապանաքարերի մեծ մասը կրում է եբրայերեն, ինչպես նաև աստվածաշնչյան և թալմուդերեն լեզուներով արձանագրություններ: Մահացածներից մի քանիսի անունները շատ տարածված են Իրանի հրեաների միջավայրում, ինչը կարող է վկայել Իրանից գաղթած հրեական համայնքի մասին:

Արենի 1-քարանձավ

Արենի-1 քարանձավը Ձեզ կներկայացնի գինեգործության 6000 ամյա պատմության ապացույցները։ Քարանձավում կարելի է տեսնել խաղողի պահեստավորման, ճզման և ֆերմենտացման հատվածները։ Արենի-1 քարանձավի մնացորդերն ապացուցում են, որ աշխարհում հայտնի հնագույն գինեգործարանը գտնվել է հենց այս տարածքում։ Այստեղ է գտնվել նաև աշխարհի ամենահին կոշիկը, որը ներկայումս ցուցադրված է Հայաստանի Պատմության պետական թանգարանում։ Քարանձավի հետագա պեղումների նպատակով այն դեռևս բաց չէ այցելուների համար։ Այնուամենայնիվ, կա մի ծրագիր, որը թույլ կտա հեշտությամբ մտնել և դիտել քարանձավը՝ առանց նրան վնասներ հասցնելու։

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վայոց Ձոր

Լաուրա

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավային վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Զբաղեցնելով է 2,308 կմ քառ․ տարածք՝ ըստ մեծության 7-րդն է Հայաստանի մարզերի շարքում։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Շահումյանի շրջանին, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։

Читать далее «Վայոց Ձոր»
Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տեառնընդառաջ

Հայ Առաքելական  Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է փետրվարի 14-ին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո:

   Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 14- ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ այդ օրը հռչակվել է նաեւ ընտանիքի տոն։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը։

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տյառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տյառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տյառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԾԵՍ

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երևանյան արձաններ, հուշարձաններ

Ընտրությամբ գործունեության հայրենագետների խմբի սովորողների հետ սկսել ենք բացահայտել, ուսումնասիրել, ճանաչել երևանյան արձանները, հուշարձանները:

Նախագծի նպատակը

  • ճանաչել երևանայան արձանները, հուշակոթողները
  • ճանաչել դրանց հեղինակներին, քանդակագործներին
  • ուսումնասիրել մեր թաղամասերի արձանները

Նախագծի խնդիրները

  • հավաքել տեղեկություն այն կոթողի մասին, որը ուսումնասիրում ենք, տեղադրել բլոգներում , այցելել

Մասնակիցներ

հայրենագիտության ընտրության խմբի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը

փետրվար-մայիս

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Սարգսի տոն

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սբ. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու`   Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Արիության համար Սբ. Սարգսին Մեծն Կոստանդիանոս կայսրը (285-337թթ.) կարգում է իշխան և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից`   իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363թթ.) սկսվում են Քրիստոսի եկեղեցու և քրիստոնյաների նկատմամբ հալածանքները, Սբ. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալու կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան`   Մեծն Տրդատի թոռը`   Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Սբ. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:

Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում են հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:

Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է`   ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված`   Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը:

Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Սբ. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սբ. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին`   Մարտիրոսը: Սբ. Սարգիսը բանտարկվում է և, աներեր մնալով իր հավատքի մեջ, գլխատվում: Նահատակվելուց հետո Սբ. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:

Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սբ. Սարգիսը ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս`   երիտասարդների և սիրո բարեխոս

Սբ. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Սբ. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Սբ. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն`   աշխատելու:

Մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում`   յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրանից, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին:

Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով`   Աշուղ Ղարիբը կարողություն է ստեղծում և տուն դարձի ճամփա ընկնում: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չհասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Սբ. Սարգսին`   հայցելով արագահաս Սրբի օգնությունը:

Սբ. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը, տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Սբ. Սարգսի տոնին նախորդում է Սբ. Գրիգոր Լուսավորչի հաստատած Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հունվարի 14-ից 18-ը:

Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը և սպասելը Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի`   Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: